Քո ընկերները արդեն միացել են մեզ դու էլ սեղմիր լայք և միացիր մեզ

Posted by : Unknown





Վառ ընդգծված անհատականությամբ մարդիկ հաճախ չեն հասկացվում, քննադատվում են. նրանց կա´մ շատ սիրում են, կա´մ հակառակը: Նրանց նկատմամբ միջին վերաբեմունք չի լինում: Մեր այս համարի' միջակությունից շատ հեռու դեմքը հայկական շոու-բիզնեսում շատ նորամուծությունների հեղինակ է' հատկապես ոճի, կերպարի հարցում:
Դրա շնորհիվ' հաճախ նա դառնում է մեր շոու-բիզնեսի «սպիտակ ագռավը»: Էմմին միշտ էլ իսկական արտիստ է եղել, նրա յուրաքանչյուր ելույթ իսկական շոուի է վերածվել ու երկար քննարկվել:

Նա երբեք չի փորձել հաճոյանալ, անել այն, ինչ զանգվածներն են պահանջում, դառնալ գորշ ստվեր: Նա իր համարձակությամբ շատերի համար ճանապարհ է հարթել: - Առաջինը լինելը դժվարին գործ է, հատկապես' մեզ մոտ, երբ ամեն նոր բան բուռն ընդդիմությամբ է ընդունվում: Սակայն դու չես վախենում առաջինը լինելու և նորամուծություներ անելու պատասխանատվությունից (համարձակ, սեքսուալ կերպար, խելահեղ բեմականացումներ, «չոլկա» և այլն):

- Հանդիսատեսը չի ցանկանում արտիստին ամեն անգամ նույն, սովորական կերպարով տեսնել: Պետք է նրան զարմացնել: Մենք՝ ես և իմ թիմը, երբեք տեղում չենք դոփում ու հարգում ենք երկրպագուներին: Երբեք չենք ներկայանում նույն բեմադրությամբ, երգով ու հատկապես' նույն հագուստով: Եթե այդպես լիներ, համերգի գալու փոխարեն շատ հանգիստ կարող էին դիտել տեսաերիզս կամ լսել ձայնասկավառակս:

Այն ամենը, ինչ տեսնում են, միայն իմ աշխատանքի արդյունքը չէ: Ինձ հետ աշխատում են կազմակերպչական և ստեղծագործական հարցերով զբաղվող տարբեր մարդիկ: Մենք շատ ենք սիրում աշխատել և աշխատանքի ընթացքում էլ նոր մտքեր են ծնվում:

- Քո դեպքում հաճախ գործերդ, արարքներդ շատ բուռն են ընդունվում ու հետո երկար քննարկվում: Թեև, միաժամանակ, մյուսների համար ճանապարհ ես հարթում:

- Նորմալ է: Այն մարդը, ով դժվարությամբ է նորամուծություններ ընդունում, կյանքում ոչ մի անգամ նոր բան չի էլ արել: Ինքս շատ ուրախանում եմ, երբ գործընկերներիս ինչ-որ նոր վիճակում կամ նոր բան ստեղծելիս եմ տեսնում: Երբեմն մեկս մյուսին ենք փորձում զարմացնել: Դա առողջ մրցակցություն է: Լավ է, որ սկսել ենք բեմն ու կենցաղը տարանջատել:

- Քո հանդեպ անտարբեր մարդիկ չկան: Քեզ կա´մ շատ սիրում են, կա´մ էլ' ոչ:

- Մաթեմատիկայից միշտ շատ թույլ եմ եղել: (Մտածեցի՝ Էմմին սխալ է հասկացել հարցը, բայց պարզվեց, երգչուհին որոշել է բոլոր հարցերի պատասխաններին «հեռվից գալ»): Ինձ թվում էր, որ զրո էի ստանալու, բայց մի օր երեք ստացա ու շատ ուրախացած տուն եկա: Մայրս ինձ վրա բարկացավ ու ասաց, որ ավելի լավ է երկուս ստանայի, քան երեք: Ասաց' մարդ պետք է միջակ չլինի. կա´մ պետք է շատ լավ անի, կա´մ ընդհանրապես չանի: Ես հասկացա, որ միջակություն չպետք է լինեմ: Ուրախ եմ, որ հիմա իմ դեպքում այդպես է:

Բացի այդ, ճաշակին ընկեր չկա: Եթե ինձ շատ են սիրում, ուրեմն' ճաշակով մարդիկ են, իսկ եթե ոչ' էլի վատը չեն, բայց...
Ընկերուհիներիցս մեկն ինձ խոստովանեց, որ երբ դեռ անծանոթ էինք իրար, մտածում էր, թե շատ գոռոզ եմ, բայց երբ արդեն ծանոթացել ենք, անմիջապես կարծիքը փոխել է: Հաճախ իմ մասին այնպիսի կարծիք են կազմում, որը իրականությանը չի համապատասխանում: Նշանակում է' ինձ չսիրողները պետք է ինձ ճանաչեն, նոր միայն եզրակացություններ անեն:

- 2005-ին զարմացրիր չինական շոուով, 2006-ին' լոգարանի, իսկ 2007-ին' բալետով: Շատերը ամեն տարի մրցանակաբաշխությանը հատուկ քո շոուին են սպասում: Ելույթները շոու դարձնելը ձեռագի՞րդ է:

- Այո, մենք միշտ փորձում ենք իմ ելույթը շոու դարձնել: Այս հարցում ամենամեծ վաստակը մայրիկինս է: Մեկ-մեկ զարմանում եմ' հիմա ի՞նչ է հորինելու: Հաճախ սկզբում հրաժարվում եմ, ասում' չի ստացվի: Բայց մայրս համառում է ու ընթացքում ամեն ինչ գլուխ է գալիս: Հաճախ նախապատրաստական աշխատանքների համար պարզապես շատ քիչ ժամանակ է մնում ու ստիպված ենք լինում նախապես մտածված ելույթի որոշ մասը չիրագործել: Թեև, դրանց լիարժեք իրականացման համար դեռևս ժամանակ հաստատ կունենամ:

Նադեժդա Սարգսյան- Հպարտությամբ կարող եմ ասել, որ հայկական շոու-բիզնեսում նորամուծություններ Էմմին է անում: Ոչինչ, թող շատ քննարկեն: Արտիստը մշտապես պետք է քննարկվի: - 2007-ի «Եվրատեսիլի» նախընտրական փուլում Հայկոյի հաղթանակից հետո 2008-ի մասնակցության ամենահավանական թեկնածուներից մեկն էլ դու էիր: Մասնակցությանդ ուշացման համար չե՞ս սրտնեղում:

- Նախ' ասեմ, որ ով էլ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնի, ես միշտ նրա կողքին կլինեմ ու ձեռքերս «խաչած» նրան կսպասեմ (ձեռքերն է խաչում): Բայց «Եվրատեսիլին» մասնակցող արտիստին որոշում է Հանրային հեռուստաընկերությունը: Լիարժեք չեմ կարող պատասխանել հարցին, որովհետև միայն իրենք են որոշում և իրենք գիտեն' ով, ինչու և ինչպես: Այնպես որ, այս հարցը պետք է ուղղեք հենց նրանց:

Կարծում եմ' դեռ շատ ժամանակ կունենամ այդ մրցույթին մասնակցելու համար: Եթե հիշում եք, անցած տարի մրցույթում 54 տարեկան մասնակից էլ կար (ծիծաղում է):

Նադեժդա Սարգսյան- Ես եմ մյուս տարի մասնակցելու, ես 54 եմ (ծիծաղում է):

Իսկ եթե լուրջ, ապա մրցույթի մասնակցության հարցում ամենակարևորը երգն է: Մենք դեռևս համապատասխան երգ չունենք: Բացի այդ, ես ներքին կանխազգացում ունեմ, թե որ տարին երաժշտական որ ուղղությունն է հաղթելու: Հենց Էմմիի հերթը գա, կասեմ:

- Արդյո՞ք այդ մրցույթն այդքան կարևոր է, որքան հայերիս է թվում և արդյոք չե±նք գերագնահատում «Եվրատեսիլի» նշանակությունը:

- Ֆրանսիան, Գերմանիան և մի քանի այլ հզոր պետություններ մասնակիցների ընտրության հարցում շատ ծանրութեթև չեն անում, կարող են վերջին պահին մեկին ուղարկել կամ ուղարկել նրան, ով սկսնակ է և «ռասկրուտկայի» կարիք ունի: Այս դեպքում կարևորը ոչ թե հաղթելն է, այլ «ռասկրուտկա» լինելը: Նրանց համար այդքան չի կարևորվում այդ մրցույթն ու դրա արդյունքները, որքան մեզ՝ հայերիս համար:

Թեև «Եվրատեսիլը» հսկայական լսարան ունի, այն շատ դռներ կարող է բացել և դա հատկապես կարևոր է Հայաստանի նման երկրների համար: Այնպես որ, այդքանով կարևոր է այդ մրցույթը:- Հիմա քեզ մոտ լռությա՞ն, անկումայի՞ն շրջան է' ինչպես թվում է:

- Լռությունը թվացյալ է: Ես շարունակում եմ աշխատել, երգեր եմ ձայնագրում: Բնականոն ստեղծագործական և աշխատանքային վիճակ է, որը հրապարակային չէ: Իհարկե, կան անելիքներ և արդեն արված գործեր, որոնց մասին խոսել դեռ չեմ կարող, քանի որ միայն մեր երկրի սահմաններում գործունեության մասին չէ: Բացի այդ, արդեն սկսել եմ աշխատել նոր ձայնասկավառակիս վրա: Այս ալբոմի ուղղվածությունը միանգամայն այլ է: Մտադիր եմ այն թողարկել այս տարվա աշնանը:

- Մանկուց ես երգում, բայց այս ընթացքում թողարկել ես ընդամենը մեկ անհատական ձայնասկավառակ և մեկն էլ' զուգերգ-ձայնասկավառակ՝ Սուպեր Սաքոյի հետ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Հարյուրավոր երգեր կան, որոնք չեմ ցանկանում ձայնասկավառակներում ընդգրկել: Դրանք պարզապես մեկ-երկու անգամ են կատարվել տարբեր համերգների, նախագծերի ընթացքում: Իսկ ձայնասկավառակը մնայուն է և իրենից որոշակի արխիվային բան է ներկայացնում: Պետք է այնպես անել, որ տարիներ անց չզղջաս արածիդ համար և ինքդ քեզանից չհիասթափվես: Եթե բոլոր երգերս ընդգրկվեին ձայնասկավառակներում, ապա դրանց թիվը 5-6-ի կհասներ: Չեմ շտապում քանակ ապահովել:

- Նաև հեռուստահաղորդավարուհու դերում ես հանդես գալիս: Ի՞նչ ես կարծում, քեզ հաջողվո՞ւմ է լավ կատարել այդ աշխատանքը: Սցենարները և եթերային պահանջները կարծես կաղապարում են քեզ ու դու քեզ նման չես:
- Հաղորդավարի փորձ վաղուց ունեմ, դեռևս «Դո, Ռե, Մի»-ից: Հետո «Հ2»-ում զինվորական հաղորդում էի վարում, որից հետո՝ «Ուրախ առավոտը»: Հիմա վարում եմ «2 աստղը» և ժամանակ առ ժամանակ «Թեժ տասնյակում»՝ որպես հյուր:
«2 աստղում» դեռ նստած եմ, գուցե դրանից է նման տպավորություն ստեղծվել: Այդ շոուում իմ խնդիրը ոչ թե ինձ ներկայացնելն է որպես հաղորդավարուհի, այլ միայն մասնակիցներին ներկայացնելը: Գլխավոր դերում նախագծի մասնակիցները պետք է լինեն: - Շուտով Մարտի 8-ն է: Կա՞ մեկը, ում շնորհավորանքին առանձնահատուկ ես սպասում:

- (Ժպտում է): Այդ «մեկը» շատ է տուժվել, որովհետև ձմռանից սկսած տոներն այնքան շատ են, գարնանը նույնպես, որ նա ուղղակի կրակն է ընկել :

- Այսինքն' ընկեր, այնուամենայնիվ, ունես:

- Ցանկություն չունեմ անձնականիս մասին խոսել, այլապես այն անձնականից հանրայինի կվերածվի: Բայց, այո, ընկեր ունեմ:
- Իսկ առաջիկայում անձնական կյանքում լուրջ փոփոխություններ սպասվո՞ւմ են:

- Չեմ կարծում, թե այնպիսի մարդ եմ, որ կողքիս անձնավորությունն ինձ անլուրջ վերաբերվի, բայց լուրջ փոփոխությունների մասին մտածելը դեռ վաղ է:

- Նադեժդա Սարգսյանի և Դավիթ Բեջանյանի դուստրը լինելը օգուտ, հավանաբար, բերում է, իսկ վնա՞ս: Մարդիկ հաճախ հաջողություններդ նրանց հետ են կապում:

- Բնականաբար, և´ լավ է, և´ վատ: Միաժամանակ շատ դժվար է, որովհետև պետք է բարձր պահես ծնողներիդ պատիվը:

Ես ուրախ եմ, որ ինձ օգնում են ծնողներս և ոչ մարդիկ, որոնց հետո չգիտես՝ ինչպես պետք է փոխհատուցես իրենց արած «լավությունների»դիմաց: Իսկ ո՞ր ծնողը չէր օգնի իր երեխային: Այո´, ինձ ծնողներս են օգնել: Նրանք օգնել են նաև շատերին, ովքեր այսօր մեր շոու-բիզնեսում են:
Ի վերջո, ես սիրում եմ աշխատել, ես կարողանում եմ աշխատել ու կաշխատեմ: Իսկ դա ամենակարևորն է:

- Մեր շոու-բիզնեսի ամենաբամբասվող դեմքերից ես: Այդ հանգամանքը չի՞ մտահոգում քեզ:

- Հիմա այդ ամենին արդեն շատ նորմալ եմ վերաբերվում: Եթե հայտնի ես, ուրեմն' պետք է բամբասվես: Իսկ, ահա, սկզբում շատ ծանր էի տանում: Բամբասանքների պատճառով անգամ որոշել էի այլևս չերգել: Նույնիսկ արտասվում էի: Երբ արտասվում եմ, ավելի ուժեղ եմ դառնում: Արցունքներն ինձ շատ են օգնում: Բամբասանքներն այսօր կան, վաղը չկան, անլուրջ բան են:- Ընթերցողները հաճախ են հետաքրքրվում' արդյոք մեր շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչները' Սիրուշոն և Էմմիին վիճե՞լ են: Կա՞ նման բան:

- Ոչ, այդպիսի բան չկա: Մենք կռվի դաշտում չենք ու թրերով չենք մարտնչում: Մեզ մոտ շատ լավ, նորմալ հարաբերություններ են: Ի վերջո, մենք միասին ենք մեծացել, մեր ծնողները հյուրախաղերին նույն սենյակում են քնել: Երբ նրանք գնում էին համերգների, մենք միասին էինք մնում: Այդ բամբասանքները շոու-բիզնեսի կեղտոտ խաղերն են:

- Խմբագրություն գալուց առաջ ասացիր, որ մեքենայով ես լինելու: Նոր մեքենա՞ ես գնել:

- Այո, գնել եմ նոր մեքենա: (Պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը չցանկացավ, որպեսզի մեքենայի մակնիշը նշվի: Պատճառը' անվճար գովազդը):

Իմ առաջին մեքենան ծնողներս նվիրել են 18-ամյակիս առթիվ: Իսկ այս անգամ մեքենան գնեցի իմ միջոցներով: Չնայած սպորտային, «ուժեղ» մեքենաներ եմ սիրում, բայց գնեցի սա: Ճիշտ է, սա ՙթույլ՚ մեքենա է, բայց մոդելը շատ է դուրս գալիս: Վարելն իմ տարերքն է: Այդ է պատճառը, որ չնայած մայրիկիս՝ չվարելու հորդորներին (նա շատ է վախենում մեր երթևեկությունից), այնուամենայնիվ, վարում եմ:

- Կարգապա՞հ վարորդ ես:
- Այո, առաջին հերթին մտածում եմ իմ և հետո նաև մյուսների անվտանգության մասին: Վարելը մեծ ռիսկ և պատասխանատվություն է, որը ես գիտակցում եմ:Մտահղացումը' «Ե՞ս Yes!»-ի: Արխիվ 2008թ.:



Աղբյուր: operativ.am

Leave a Reply

Subscribe to Posts | Subscribe to Comments

Սեղիր լայք և միացիր մեր էջին ֆեյսբուքում

Կարդացեք նաև...

Մեր խումբը Odnoklassniki.ru-ում

Ստատիստիկա

Կարդացեք նաև ...

Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը WwW.JptaBlog.BlogSpot.Com կայքին պարտադիր է © 2013 . Fourni par Blogger.

- Copyright ©  Ժպտա Բլոգ -Metrominimalist- Powered by Blogger - Բոլոր իրավունքները պատկան ում են Ստեփան Սարգսյանին : Բլոգի նյութերից օգտվելու կամ կրկնօրինակելու դեպքում JptaBlog.BlogSpot.Com հղումը պարտադիր է: ©2012-2013 թթ -